ԱՄՆ-ն սառեցրել է հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ
Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ում սառեցվել են ռուսական հաշիվներ, որոնց վրա կան հարյուր միլիոնավոր դոլարներ:
Ինչպես նշում է Russia Today-ը, պաշտոնյան մանրամասնել է, որ դա արվել է Վաշինգտոնի՝ Մոսկվայի դեմ 2013թ. ի վեր տարվող պատժամիջոցային արշավի շրջանակում:
Հայտնի է, որ Մանդելկերն այս մասին ասել է Կոնգրեսում ելույթի ժամանակ:
«ԱՄՆ ֆիննախի գործողությունները՝ այդ թվում նաև Միացյալ նահանգներում հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվների արգելափակումը, զգալի հետևանքներ են ունեցել գործին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար»,-ասել է պաշտոնյան:
Նա մանրամասնել է, որ 2013թ. սկսած Ռուսաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը նվազել է 5%-ով: Ինչ վերաբերում է զուտ ամերիկյան կողմի ներդրումներին, ապա դրանք նվազել են 80%-ով:
«Մյուս խոշոր տնտեսությունների ուղիղ ներդրումների ծավալը ևս նվազել է, և Ռուսաստանը հաշվի է առնում այս հետևանքները»,-ընդգծել է Մանդելկերը:
Աղբյուրը նկատում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ամերիկյան իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսական 217 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ:










