Հունական Պիրեյոսում պայթյուն է որոտացել

09:48 • 22.08.18

Հունաստանի Պիրեյոս քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել փաստաբանական գրասենյակի մոտ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով հունական լրատվամիջոցի։

Պայթյունի հետևանքով ոչ մեծ վնասներ են կրել հարևան մի քանի շենքեր ու մոտակայքում կայանված մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։

Տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում։

Ականատեսների համաձայն՝ պայթյունից որոշ ժամանակ առաջ շենքի մոտ կանգ է առել մի մեքենա, որից դուրս է եկել մի մարդ ու ինչ-որ իր դրել մուտքի մոտ, այնուհետ անծանոթը վերադարձել է մեքենա ու անհետացել։ Դրանից հետո տեղի է ունեցել պայթյունը։

Հայտնի է, որ տվյալ շենքում է գտնվում փաստաբան Գրիգորիոս Տիմագենեսի բյուրոն, վերջինս զբաղվում է ծովային իրավունքի հետ կապված գործերով։ Տիմագենեսը նաև Հունաստանի ծովային առևտրային պալատի ու Միջազգային առևտրային պալատի արբիտրներից է։

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, տարվում է հետաքննություն։