Նիդեռլանդներում գազի բալոններով ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

12:43 • 22.08.18

Նիդեռլանդների Լինգեվարդ համայնքի Բեմել քաղաքում գազի բալոններով ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ: Այս մասին տեղեկացնում է omroepgelderland.nl-ը:

Ականատեսների համաձայն՝ ավտոմեքենայի վարորդը դիտավորյալ է ընթացել շենքի ուղղությամբ: Բախման հետևանքով ավտոմեքենան պայթել ու այրվել է, իսկ շենքը՝ լրջորեն վնասվել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերը ժամը 02:00-ին: Վարորդը հասել է սիզամարգ և, շրջանցելով խոչընդոտները, ավտոմեքենան ուղղել դեպի շենք:

Դեպքի վայր ժամանած հրշեջ բրիգադը մարել է կրակն ու հայտնաբերել տղամարդու մարմինը: Վարորդի անձը դեռ չի հաստատվել, սակայն ոստիկանությունում հաղորդել են, որ արդեն կասկածյալներ կան:

Ինչպես Algemeen Dagblad թերթին պատմել է հրշեջ բաժանմունքի ներկայացուցիչը, նախօրեին ոստիկանությունը սպառնալիքներ է ստացել, որոնք կարող են կապված լինել միջադեպի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շենքը փակ կլինի ամբողջ օրը: Այժմ շենքում էլեկտրականություն չկա: