Արգենտինայում այրել են ՌԴ դեսպանատան շենքում գտնված 400 կգ կոկաինը (լուսանկար, տեսանյութ)
Արգենտինայում իրավապահ մարմիններն այրել են 400 կգ-ի հասնող կոկաինի խմբաքանակը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան շենքերից մեկում, հաղորդում է gazeta.ru-ն։
Գործողությունն իրականացվել է տեղի գերեզմանոցներից մեկի դիակիզարանում՝ երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչի և ռուս դեսպան Դմիտրի Ֆեոկտիստովի ներկայությամբ։
«Դա շատ բարդ գործողություն էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուսաստանից ոստիկանները ժամանել են 7 անգամ»,- տեղեկացրել է արգենտինացի նախարարը։
Նրա խոսքով՝ համատեղ ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ թմրանյութերի մատակարարման գործընթացը ուսումնասիրելու և այդ շրջանակում կոկաինն ալյուրով փոխարինելու գործողությունները, նրանց հաջողվել է բացահայտել հանցավոր գործունեության մի ամբողջ շղթա Արգենտինայում և Ռուսաստանում։
Ավելի վաղ Ռուսաստանը պահանջել է Գերմանիայից Արգենտինայում «Կոկաինի գործով» գլխավոր դերակատար Անդրեյ Կովալչուկի արտահանձնումը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։












