Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտնաթաթը կորցրած Արման Ավետիսյանը զրկվել է զինհաշմանդամության թոշակից

12:37 • 23.08.18

Ապրիլյան պարտերազմի մասնակից Արման Ավետիսյանը, ով կորցրել է ոտնաթաթը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, հունիսից զրկվել է զինհաշմանդամության  համար տրվող 75 հազար դրամ թոշակից:

Այս մասին Արման Ավետիսյանը տեղեկացրեց Tert.am-ի հետ զրույցում: Արմանը մանրամասնեց, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեկ տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում, այնտեղ  կարողացել է մեկնել բարեգործական ծրագրով, բուժման որոշակի գործընթացներ անցնելուց հետո վերադառնալու նպատակով, ինչը ենթադրում է, որ օրենքով ինքը պետք է շարունակեր թոշակ ստանալ:

«Հայ բժիշկ կար, որը ցանկանում էր ինձ օգնել: Ոտքս  պետք է վիրահատեին ոսկորի գերաճի պատճառով, հետո պրոթեզի հետ խնդիր կար: Վերադարձս Հայաստան հետաձգվեց: Նախատեսված էր, որ հունիսի մեկին պետք է գայի, բուժզննություն անցնեի, չկարողացա գալ:

Գիտեի, որ օրենքով կարող եմ ՀՀ-ում չլինել, բայց բուժզննություն անցնել, դեռ ապրիլին դիմել էի մեր տարածքային սոցապվարչությանը, տեղեկացրել էի, որ փաստաթղթերի ներկայացումը  մի փոքր կուշանա՝ ելնելով մի շարք խնդիրներից: Ինձ տեղում ասացին, որ խնդիր չկա՝ մինչև օգոստոսը ներառյալ կարող ես թղթերը ներկայացնել: Ներկայացրի, իսկ հիմա ասում են՝ չէ, թղթերը մինչև հունիսի մեկը պետք է ներկայացրած լինեիր: Ինձ ասում են՝  էլ չես կարող թոշակ  ստանալ, հաշմանդամության կարգ էլ չունես: Եթե ինձ շուտ ասեին, որ հնարավոր չէ ուշացնել, ես թղթերը կփորձեի շուտ ներկայացնել: Հիմա  պնդում են, որ սխալն  իմն է. ուշացրել եմ փաստաթղթերը: Հայրս էր լիազորագրով փաստաթղթերը ներկայացրել»:

Արման Ավետիսյանը նշեց, որ Հայաստան կարող է վերադառնալ վիրահատությունից և նոր պրոթեզ  ստանալուց հետո:

Արման Ավետիսյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրում է, որ ընդունեն իր փաստաթղթերը և շարունակեն վճարել պետության կողմից սահմանված թոշակը:

Արմանը նշեց, որ երբեք լավատեսությունը չի կորցրել, պետությունից չի դժգոհել, փորձել է  հարմարվել, բայց փաստորեն հիմա այսպիսի իրավիճակում է հայտնվել:

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունից Tert.am-ին խոստացան հարցը ուսումնասիրելուց հետո արձագանքել:

Հիշեցնենք, որ Արմանը վիրավորվել է 2016թ-ի  ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակի վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս: