Սեպտեմբերի 9-ին Արցախի Քաշաթաղի և Քարվաճառի ընտրատարածքներում ԱԺ լրացուցիչ ընտրություններ են անցկացվելու
Սեպտեմբերի 9-ին Արցախի թիվ 10 և 11 ընտրատարածքներում տեղի են ունենալու Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Tert.am-ի հետ զրույցում ԱՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը տեղեկացրեց, որ թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում առաջադրվել է համապատասխանաբար 10 և 11 թեկնածու:
«Այս պահի դրությամբ երեք թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել. մեկը 10-րդ ընտրատարածքում, 2-ը՝ 11-րդ: Այսպիսով և՛ 10-րդ, և՛ 11-րդ ընտրատարածքներում այս պահի դրությամբ գրանցված է 9 թեկնածու:
Թիվ 10 ընտրատրածքը Քաշաթաղի և Շուշիի շրջանն է, 11-րդ ընտրատարածքը Քարվաճառի, մասամբ Մարտակերտի ուԱսկերանի ընտրատարածքն է: Երկրորդ լրացուցիչ ընտրություններ ևս լինելու են. 2-րդ նախատեսված է հոկտեմբերի 7-ին՝ թիվ 2 ընտրատրածքում, որն ընգրկում է Ստեփանակերտը»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմո Ծատրյանը և Արսեն Առստամյանը հրաժարվել էին պատգամավորական մանդատից:
Tert.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի ղեկավար, ՀՅԴ կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Մարինե Պետոյանը նշեց, որ օգոստոսի 7-ից քարոզարշավը մեկնարկել է, թեկնածուները հանդիպում են բնակիչների հետ: Նա ընդգծեց, որ իր ծրագրի հիմնական կետերը վերաբնակեցման հետ կապված հարցերին են առնչվում:
«Պետությունը մեծ գործ է արել, բայց խնդիրները դեռևս շատ են, ես իմ ծրագրում առաջարկում եմ, որպեսզի դրանք կանոնակարգվեն, համայնքներում առանձնացվեն առաջնահերթ խնդիրները, որպեսզի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա: Մեծ ուշադրություն պետք է դարձվի Քաշաթաղում ծնված, մեծացած և այստեղ արդեն ընտանիք կազմած երիտասարդ զույգերին, պետք է աջակցությունը լինի կամ բնակարանի տրամադրման տեսքով, կամ էլ ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրից օգտվելու հնարավորություն պետք է տրվի»:
Անդրադառնալով հարցին, թե ծրագրերը ներկայացնելիս հաշվի առնո՞ւմ է ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները, քանի որ Արցախում ևս իշխանափոխության պահանջներ էին հնչում, մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատվեցին, պատգամավորի թեկնածուն ասաց. «ՀՅԴ-ն ունի նախագահին ներկայացրած բարեփոխումների փաթեթ, որի մեջ ընդգրկված են բոլոր ոլորտները, հիմնական խնդիրները, որոնք անհանգստություն են պատճառում, ակնառու են: Ճիշտ է, հանրահավաքներ են տեղի ունեցել, բայց մենք ավելի կողմ ենք դանդաղ, բայց կայուն զարգացմանը, գտնում եմ, որ ցանկացած անկայունություն կարող է վճռորոշ լինել Արցախի ճակատագրի համար: Նախագահի հետ հանդիպում եղել է, ներկայացվել է բարեփոխումների փաթեթը»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած ակցիաներին, որոնց ընթացքում հնչում էին մտահգություններ, թե հողեր են հանձնվելու, ապա պատգամավորի թեկնածուն ասաց, որ հող հանձնելու մասին խոսք լինել չի կարող, դրանք պարզապես խոսակցություններ են:
«Ես կարծում եմ, որ դրանով բնակիչներիս զգոնությունն էին փորձում, մեր բնակիչները միշտ զգոն են, ազատագրված տարածքներն ԱՀ սահմանադրությամբ ամրագրված են»,-շեշտեց նա:
Մարինե Պետոյանը շեշտեց, որ առանց բանկցություններին ԱՀ մասնակցության հիմնախնդիրը չի կարող լուծվել:
«Համամիտ ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ Արցախը պիտի լինի բանակցային կողմ: Միշտ խոսել ենք դրա անհրաժեշտության մասին»,-եզրափակեց նա:










