Նոր հասարակարգ ենք ստեղծում և սկսում ենք խստացումներից. քննարկում Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ

18:15 • 23.08.18

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած հանրային քննարկմանը, որը վերաբերում է Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթին,

հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց՝ նախատեսված փոփոխություններով բազմաթիվ հանցագործություններ ծանր հանցագործությունների շարքին են դասվում, այնինչ նախկինում դրանք միջին հանցագործությունների շարքում էին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը  հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Նա նշեց, որ կարգավորումների համաձայն՝ այսուհետ իրավապահ մարմինները կարող են օգտագործել օպերատիվ հետախուզական իրենց գործառույթները՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: «Բայց մեր հույսն այն է, որ իրավապահները մնան անգործ, որ հասարակությունն այնքան հասունացած լինի, որ գործը չհասնի իրավապահներին»,- ասաց նա:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանն ասաց, որ ցանկացած պատիժ իր մեջ հասարակության համար դրական բաղադրիչ պետք է պարունակի, քանի որ քրեակատարողական հիմնարկում անձին պահելը բեռ է հասարակության համար: Նա համաձայն չէր կաշառքին վերաբերող խախտման միջին պատժաչափերը երեքից հինգ տարու փոխարեն չորսից վեց տարի դարձնելուն:

«Պատիժը պետք է լինի նախևառաջ գումարային, 3-5 տարին բավարար պատիժ է:  Եթե մեկը իրավախախտում է իրականացնում, բնական է, որ ուղղորդվում է որևէ մեկի կողմից, այդ պատճառով այդ շղթան բացահայտելու դեպքում այդ մարդիկ պետք է զրկվեն որոշակի ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորություններից»,- ասաց նա և նշեց, որ գտնում է, թե պետք է նյութական պատիժն ավելացվի, իսկ ազատազրկման տարիները թողնեն նույնը կամ նվազեցնեն: Նա ամենակարևորը համարեց կանխարգելիչ աշխատանքները:

Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ ազատազրկումը որպես պատիժ կիրառելու արդյունավետությունը, հարկատուների վրա բեռ լինելը առանձին քննարկման առարկա է: «Տարբերություն կա պատժաչափը 3-5 տարվա ազատազրկումը դարձնել 4-6 տարի»,- ասաց նա և նշեց, որ տեղամասից դուրս կանխարգելող երկու մեխանիզմ կա,  առաջինը հասարակության իրավագիտակցությունն է և երկրորդը՝ իրավապահ մարմինները:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նկատեց, որ փոփոխությունների համաձայն ստացվում է, որ նոր հասարակարգ ենք ստեղծում և սկսում ենք խստացումներից: «Նախկինում խնդիրը նրա մեջ չէր, որ պատիժները խիստ չէին, այլ խնդիրն այն էր, որ անկասելի չէին, օրենքի գերակայություն չկար, արտոնյալ մարդիկ կարող էին հանցանք կատարել և անպատիժ մնալ: Հիմա հին փորձը վերցնում ենք և սկսում ենք խստացումներից»,- ասաց նա:

Ըստ նրա՝ մահակը ձեռքը պահելը տոտալիտար համակարգի մոտեցում է. Պապիկյանն օրինակ բերեց՝ երբ մարդկանց նախկինում գողության համար գլխատում էին, ամենից շատ գողությունները այդ ընթացքում էին լինում, երբ մարդիկ կլանված նայում էին այդ տեսարանին:

Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց, որ իրենք գրեթե չեն ավելացրել նվազագույն պատիժները, բայց երբ մի խումբ անձինք նպատակ ունեն սահմանադրական կարգ տապալել, դա լուրջ հանցանք է:

«Նախկինում քրեական օրենսգիրք կարդալիս գալիս էինք այն եզրակացության, որ ընտրությունների արդյունքները կեղծելը առաջնապես մեծ բան չէ, քանի որ դա ծանր հանցագործություն չէ»,- ասաց նա: