Հանրային քննարկում՝ կրկնաքվեարկության, ընտրակաշառքի, բարեգործության, ընտրատեղամասի կարգ ու կանոնի և այլ փոփոխությունների վերաբերյալ (տեսանյութ)

17:03 • 23.08.18

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը  հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունները պայմանավորված են Երևանի ավագանու ընտրությունների անակնկալ սցենարի հետ:

«Բոլորիս հասկանալի է, որ խաղի կանոնները փոփոխման ենթակա չեն, և անգամ եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի ընտրություններից ավելի շուտ, ապա միևնույնն է, սեպտեմբերի քսաներեքին դրանք ուժի մեջ չեն մտնելու, այդ պատճառով ինչ-որ տեղ առաջ ընկան այս փոփոխությունները»,-ասաց նա:



Ներկայացնելով փոփոխությունները՝ հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ կրկնաքվեարկության վերաբերյալ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ, այսինքն՝ օրինակ երբ որևէ գյուղում ամուսինը կնոջ անձնագրով գալիս և ցանկանում է քվեարկել նրա փոխարեն, կամ ընտանիքի այլ անդամի, դա ևս թեև կրկնաքվեարկության փորձ է, սակայն այլ իրավիճակ է, երբ կազմակերպված խումբ է փորձում իրականացնել կրկնաքվեարկություն:

Անդրադառնալով ընտրակաշառքի և բարեգործության վերաբերյալ հոդվածներին՝ նա ասաց, որ ընտրակաշառքի առումով լայնացվել և հստակեցվել են այն գործողությունունները, որոնք մտնում են ընտրակաշառք ասվածի ներքո, և ընտրակաշառք խնդրելը ևս ներառվում է այդ հոդվածում:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ որոշակի սուբյեկտների կողմից քարոզարշավի ընթացքում բարեգործությունների իրականացումը, քարոզչության իրականացումը նախկինում համարվում էր վարչական իրավախախտում:

«Կարծում ենք, որ դա ավելի վտանգավոր արարք է, և առաջարկում ենք այդ արգելքի խախտումը դարձնել հանցագործություն: Երկարաձգվում է նաև արգելքի ժամանակը, և այն գործում է ընտրությունների օրվա նշանակումից հետո»,- ասաց նա:

Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ փոփոխություններ նախատեսված են նաև ընտրատեղամասում կարգ ու կանոնը պահելու ուղղությամբ, քանի որ հաճախ արձանագրում են, որ տեղամասում գտնվում են մարդիկ, որ չպետք է գտնվեն, տեղամասում գտնվող անձինք տեսանելի կերպով պետք է կրեն իրենց վկայականները:

«Առաջարկվում է սկզբունքորեն նոր լուծում, դա այն է, որ թեկնածուները, դաշինքները, դիտորդները, այլ կազմակերպությունները իրավունք ունենան վարչական իրավախախտում նկատելու դեպքում միանգամից դիմել դատարան: Այս նորմը ոչ միայն պարզեցնում է գործող կարգերը և ավելի քիչ հանրային ռեսուրսներ ծախսելով պատասխանատվության կանչել իրավախախտումներ իրագործածին, այլ դիտորդական կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի անմիջականորեն մասնակցել օրինականության հսկմանը»,- ասաց նա և նշեց, որ բաց քվեարկումը ևս քրեորեն պատժելի է: