Կրասնոյարսկում վիրաբույժները 20 սմ-անոց գործիք են թողել հիվանդի որովայնում

17:04 • 23.08.18

Կրասնոյարսկում բժիշկները ճողվածքի հեռացման վիրահատության ժամանակ գրեթե 20 սմ երկարությամբ վիրահատական սեղմակ են թողել հիվանդի որովայնում: Այդ մասին «РИА Новости»-ին տեղեկացրել են ՌԴ քննչական կոմիտեից:

Նշվում է, որ քննիչներն իմացել են դեպքի մասին տեղական լրատվամիջոցներից: «Ենիսեյ» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կինը կես տարի ապրել է այդ սեղմակով:

Լրագրողների խոսքով՝ ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո 60-ամյա կինը ցավեր է զգացել որովայնի հատվածում: Վիրաբույժն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, այնուհետ ուղարկել նրան այլ բժիշկների մոտ:

Ռենտգենյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ կնոջ որովայնում սեղմակ է մնացել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թոշակառու կինը դատարան է դիմել. դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ նրա առողջությանը թեթև վնաս է հասցվել, և Քննչական կոմիտեն որոշել է նախաքննություն անցկացնել փաստի առթիվ: