«Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ կան, բայց դրանք չեն կուտակվում»․ Լուկաշենկո

11:11 • 23.08.18

Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ կան, սակայն դրանք չեն կուտակվում, նորերը նույնպես չեն ծագում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, գրում է БЕЛТА-ն։
 
«Մենք իսկապես խոսելու բան ունենք։ Սակայն ես չէի ասի, որ մեզ մոտ կուտակվում են խնդիրները։ Մենք ունենք խնդիրներ, որոնք արագ են լուծվում կամ երկար ժամանակ չեն լուծվում։ Սակայն, բարեբախտաբար, նորերը չեն ավելանում։ Այդուհանդերձ՝ այդ խնդիրներն առանց մեզ ոչ ոք չի լուծի»,- ասել է Լուկաշենկոն։

Իր հերթին, ՌԴ առաջնորդ Պուտինն ընդգծել է, որ ուրախ է հանդիպել իր բելառուս գործընկերոջը՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող և միջազգային քաղաքականության որոշ օրակարգային հարցեր։

«Մենք Ձեզ հետ հանդիպում ենք պարբերաբար, այնուամենայնիվ՝ այդ հանդիպումներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունն ու կարևոր է մեզ համար»,- նշել է Պուտինը։

Հայտնի է, որ նախագահները հանդիպման ընթացքում նաև փոխանակվել են նվերներով։