Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարը զբաղվել է Ռուսաստանի շահերի առաջխաղացմամբ. հետաքննություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը որպես քաղաքական խորհրդական է աշխատել Ռուսաստանում, Ուկրաինայում, ինչպես նաև՝ նախկին Խորհրդային Միությունում, գրում է The Guardian-ը՝ հիմնվելով հետաքննության նոր տվյալների վրա:
Պարզվել է, որ 2005թ. Մանաֆորտին ու թարգմանիչ Կոնստանտին Կիլիմնիկին ուղարկել են Ղրղզստան, որտեղ նրանք զբաղվել են ռուսական շահերի առաջխաղացմամբ, ինչը ենթադրում էր նաև ամերիկյան ռազմաբազայի փակումը:
Նշվում է, որ նրանց Ղրղզստան ուղարկելու բոլոր ծախսերը հոգացել էր ռուս օլիգարխ, տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ Օլեգ Դերիպասկան, որն ավելի ուշ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանաֆորտին մեղադրել են 2007-2012թթ. անօրինական ճանապարհով դրամական միջոցներ ձեռք բերելու համար: Նա կասկածվում է «ԱՄՆ-ի դեմ դավադրության», «փողերի լվացման» և այլ իրավախախտումների համար: Բացի այդ, «ռուսական միջամտության» գործը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Մանաֆորտին մեղադրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի ռուսամետ քաղաքական գործիչների շահերի լոբբինգ իրականացնելու համար:










