Հին նմուշի անձնագիր տրամադրելու ժամկետը կերկարաձգվի ևս երկու տարով. Մնացական Բիչախչյան

19:10 • 24.08.18

 

««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր են ներկայացվել, համաձայն որոնց՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի 2 տարով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը, սակայն մրցութային գործընթացը դեռ ավարտին հասցված չէ: Մինչև մրցութային գործընթացն ավարտին հասցվի, մինչև նոր կազմակերպություն շահի, մինչև համակարգը ներդրվի, բերվեն սարքավորումները, որոշակի ժամանակ է պահանջվում, դրա համար հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի հունվարի 1-ի փոխարեն մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Դա չի նշանակում, որ նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր չի տրամադրվելու, իհարկե, տրամադրվելու է»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանն ասաց, որ նույնականացման քարտեր տրամադրում են , սակայն ամբողջ ծավալով անցում կատարել առանց մրցույթի կայացման հնարավոր չէ:

Նրա խոսքով՝ փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործման իրականացումն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը։

Բացի դրանից, Մնացական Բիչախչյանն անդրադարձավ սոցփաթեթի շահառուներին, ովքեր պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթներից. «Քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու, որ սեպտեմբերի մեկից պարտադիր պայման է դառնալու նույնականացման քարտ ունենալը սոցփաթեթից օգտվելու համար, ապա նրանք հիմա էլ կարող են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն նույնականացման քարտ ստանալու դիմումով, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան»:

 

Հին նմուշի անձնագիր տրամադրելու ժամկետը կերկարաձգվի ևս երկու տարով. Մնացական Բիչախչյան