Պարզվել է Մոսկվայի կենտրոնում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած անձի ինքնությունը (տեսանյութ)

01:43 • 24.08.18

ՌԴ իրավապահ մարմինները պարզել են Մոսկվայի կենտրոնում ոստիկանների վրա հարձակում գործած անձի ինքնությունը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին, հանցագործը Կարբադինո-Բալկարիայի 31-ամյա բնակիչ է:

«Նա ԿԲՀ-ի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին»,- հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակման պատճառը դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի երեկոյան անհայտ տղամարդը Մոսկվայի կենտրոնում առանց որևէ պատճառի կրակ է բացել ՌԴ ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին: Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, ինչի արդյունքում հարձակում իրականացնողը նույնպես վիրավորվել է:

Այժմ հարձակում գործած անձը գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է: Ոտքի հատվածում հրազենային վիրավորում ստացած ոստիկանին բժշկական օգնություն է ցուցաբերվել և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: