«Եթե Թրամփին պաշտոնանկ անեն, ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի»․ Թրամփի փաստաբան
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան ու Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ եթե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Կոնգրեսում մեծամասնություն կազմելով, պաշտոնանկության գործընթաց սկսեն Թրամփի նկատմամբ, ապա ԱՄՆ-ում կարող է իսկական ապստամբության ալիք բարձրանալ։ Այս մասին Ջուլիանին ասել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Դուք կարող եք պաշտոնանկ անել (Թրամփին) միայն քաղաքական դրդապատճառներով, և այդ դեպքում ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի», - ասել է նախագահի փաստաբանը։
Ավելի վաղ Թրամփը, խոսելով հնարավոր պաշտոնանկության գործընթացի մասին, ասել էր․ «Չգիտեմ, թե ինչպես կարելի է պաշտոնանկության գործընթաց սկսել մեկի հանդեպ, ով հրաշալի գլուխ է հանում իր խնդիրներից։ Եթե իմ նկատմամբ երբևէ նման գործընթաց սկսվի՝ (միջազգային) շուկաները կտապալվեն»։
Նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար։ Եթե Կոնգրեսում մեծամասնություն կազմեն դեմոկրատները՝ նրանք ի զորու կլինեն պաշտոնանկության գործընթաց սկսել գործող նախագահի նկատմամբ։










