Twitter-ի ղեկավարն ԱՄՆ Կոնգրես է կանչվել՝ սոցցանցի աշխատանքի ալգորիթմների մասին ցուցմունք տալու
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովի պահանջով Twitter-ի համահիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին տվյալ սոցցանցի աշխատանքի ալգորիթմների և հրապարակվող տեղեկության վերահսկման վերաբերյալ ցուցմունք կտա, հաղորդում է tass.ru -ն:
«Հանձնաժողովը մտադիր է բարդ հարցեր տալ այն մասին, թե ինչպես է Twitter-ը հետևում ու վերահսկում տեղեկությունը»,- ասվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կոնգրեսականներն ակնկալում են անկեղծ պատասխան ստանալ Դորսիից: Նշվում է նաև, որ հարցաքննելու որոշումը պայմանավորված է Twitter-ի աշխատանքի մեխանիզմների «անթափանցիկությամբ», ինչն անհանգստացնում է ամերիկացիներին:










