Հայկական բնապահպանական ճակատը մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակից Հայկական բնապահպանական ճակատը մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Կազմակերպիչների խոսքով՝ երթի նպատակն է աջակցություն հայտնել այն մարդկանց, որոնք պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Երթուղին հայտնի է. մասնակիցները նախատեսում են շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով:
Ակցիայի կազմակերպիչները երթից առաջ ևս մեկ անգամ շեշտեցին, որ Ամուլսարի հանքի շահագործումից վտանգ կա, որ ստորգետնյա ու վերգետնյա ջրերը կարող են թունավորվել: Նրանք հիշեցրին, որ ՀՀ ջրային պաշարների զգալի հատվածն այդ տարածքում է գտնվում:
Կազմակերպիչներից Թեհմինե Ենոքյան էլ հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից մեկը Ջերմուկ առողջարանային քաղաքի և ջերմուկ հանքային ջրերի ճակատագիրն է. «Ջերմուկ հանքային ջրերը միայն գեղեցիկ տարածք չէ. այնտեղ ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են բուժվելու բազմատեսակ հիվանդություններից: Ամուլսարը մեծ ազդեցություն կունենա հանքային ջրերի վրա, ինչը հերքում են «Ամուլսարի» հանքը շահագործել ցանկացողները»,-շարունակեց նա:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ ակտիվիստները փակել են Ամուլսար տանող ճանապարհները:
Նշենք, որ օրեր առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև հանքի աշխատողները՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:











