Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին ներկա կգտնվի նաև Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարը

14:09 • 06.09.18

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երեք տարվա դադարից հետո սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագին ներկա կգտնվեն մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Ինչպես գրում է turkiyeturizm.com կայքը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ պատարագը պատմական է, և այդ առիթով Հայաստանից սպասվում է ավելի քան 3.000 մարդու այց։

«2011-ին 7.000 մարդ է ներկա գտնվել, այս անգամ 7.000 չէ, բայց 2.000-3.000-ի ներկա գտնվելն էլ մեզ համար մեծ թիվ է։ Վանի հյուրանոցներում գրեթե տեղ չի մնացել, մեծ աշխուժություն կա, նշանակում է, որ շատերն են գալու իրենց ուխտն այստեղ կատարելու»,- ասել է Աթեշյանը։

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանություններն արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգ անցկացնելու թույլտվություն է ստացվել: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ այս տարի պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին: 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:

Տարին մեկ անգամ`Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին է միայն եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել: