ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին
Ռուսական «Ինտերֆաքս»-ն այսօր հայտնել էր, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից:
«ՌԴ –ից ՀՀ ոստիկանություն նման գրություն ստացվել է»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր. «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»:
Նշենք, որ Միքայել Հարությունյանը 2008-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, նա «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ: Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սահմանադրական կարգի տապալում:










