US Open. Սերենա Ուիլյամսը սկանդալային եզրափակչում պարտվեց Նաոմի Օսակային (տեսանյութ)

10:45 • 09.09.18

Նյու-Յորքում ավարտվեց US Open-ի կանանց մրցաշարը:

 

Եզրափակիչ խաղում ճապոնուհի Նաոմի Օսական երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ ամերիկուհի Սերենա Ուիլյամսի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 19 րոպե: Այդ ընթացքում Ուիլյամսի ակտիվում գրանցվեց 6 կրկնակի սխալ, 1 իրացրած բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից, իսկ նորընծա չեմպիոնուհու ակտիվում՝ 6 էյս, 1 կրկնակի սխալ, 4 բրեյք՝ 5 հնարավորից:

 

Եզրափակիչն առանց սկանդալների չանցավ: Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն ստացավ տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատոգլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվեց միավորով ռակետը կորտում կոտրելու համար:

 

4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորեց մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվեց գեյմից: Դրանից հետո Ուիլյամսը կորտ հրավիրեց մրցաշարի գլխավոր մրցավարին և փորձեց բողոքարկել պատիժը, սակայն ապարդյուն: Ուշագրավ է, որ մրցավար Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացավ կորտից և չմասնակցեց պարգևատրման պաշտոնական արարողությանը:

 

Հավելենք, որ Օսակայի համար սա «Grand Slam» շարքի մրցաշարի առաջին եզրափակիչն ու չեմպիոնությունն էր: Նախկինում թենիսիստուհիները ևս մեկ հանդիպում էին անցկացրել, և կրկին հաղթանակ էր տոնել 20-ամյա ճապոնուհին: