Անգլիայի հավաքականն ընդհատեց «Ուեմբլիում» 11 տարվա անպարտելիության շարքը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Իսպանիային: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:
«Opta» վիճակագրական կայքի հաղորդմամբ, 2007 թվականից ի վեր Անգլիայի հավաքականն «Ուեմբլիում» կայացած պաշտոնական խաղերում պարտություն չէր կրել:
Վերջին անգամ անգլիացիներն «Ուեմբլիում» պարտվել էին Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում՝ 2:3 հաշվով զիջելով Խորվաթիային: «Երեք առյուծների»՝ «Ուեմբլի» մարզադաշտում անպարտելի հանդիպումների թիվը հասել էր 24-ի:
Բացի այդ, իսպանացիները պատմության մեջ երկրորդ անգամ «Ուեմբլիում» պաշտոնական խաղում հաղթեցին Անգլիային: Իսպանիայի առաջին հաղթանակը գրանցվել էր 1981 թվականին: «Կարմիր ֆուրիան» ևս 5 անգամ պարտվել և 2 ոչ-ոքի է գրանցել այս մարզադաշտում:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ 1981 թվականին Իսպանիայի ընտրանու կազմում Անգլիայի դեմ հանդիպմանը մասնակցել է Մարկոս Ալոնսոն՝ «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի հայրը: Կրտսեր Ալոնսոն երեկ կայացած խաղում եղել է Իսպանիայի մեկնարկային կազմում:










