«Բանանցի» ֆուտբոլիստները երկկողմանի խաղ են անցկացրել
Միջազգային հանդիպումներով պայմանավորված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջացած դադարը «Բանանցի» ֆուտբոլիստներն օգտագործում են խաղային կապերն էլ ավելի բարելավելու և առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի ֆուտբոլիստները երկկողմանի հանդիպում են անցկացրել, որում «նարնջագույնները» 2:1 հաշվով հաղթանակ են տոնել «կանաչների» նկատմամբ: Հաղթողների կազմում երկու անգամ աչքի է ընկել Արամ Լոռեցյանը, իսկ հաշիվը կրճատել է Իլյա Գուլտյաևը:
Հիշեցնենք, որ «Բանանցի» հաջորդ հանդիպումը Հայաստանի առաջնությունում նախատեսված է սեպտեմբերի 16-ին: Այդ օրը «Բանանցը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ալաշկերտին»: Այժմ «Բանանցն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:










