Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

19:46 • 09.09.18

Ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Դուշեթի շրջանում (Մցխեթ-Մթիանեթ շրջան), որի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Ինչպես հաղորդվում է, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու վրա, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման: Մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով զոհվածը Հայաստանի 55-ամյա քաղաքացի է եղել:

Մարդատար մեքենայի մյուս երեք ուղևորը, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, վիրավորվել են: Առկա տեղեկությունների համաձայն՝ տուժածների մեջ երեխա և հղի կին կա: Աննշան վնասվածքներ է ստացել նաև բեռնատարի վարորդը: Տուժածներին տեղափոխել են Դուշեթիի շրջանային հիվանդանոց:

Հետաքննություն է սկսվել «մարդու մահվան հանգեցրած երթևեկության անվտանգության կանոնների խախտման» մասին հոդվածով, որով 4-7 տարվա ազատազրկում է նախատեսվում: