Մեծ հարգանքով եմ վերաբերվում Ռ. Վարդանյանին և բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում և քննադատաբար են վերաբերվում Կառավարության գործունեությանը
Սիրիայում ՊՆ մասնագետների խումբը գործելու է ՀՀ դրոշի ներքո։
Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ՌԴ-ի համատեղ հումանիտար նախագիծը, որն իրականացվելու է Սիրիայում, ունի ռազմական բաղադրիչ, թե ոչ, քանի որ, չնայած իր հերքմանը, մամուլում շրջանառվում է, որ խոսքը խաղաղապահ զորքի տեղակայման մասին է։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի շուրջ մի քանի թյուրիմացություն կա։
«Գործողությունը լինելու է հումանիտար, խոսքը բժիշկ մասնագետների և ականազերծողների մասին է, ովքեր հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ի աջակցություն Հալեպի հայ համայնքի»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Tert.am-ի մեկ այլ հարցի՝ արդյոք հայ գործարարների մոտ ձևավորվել է ՀՀ-ի նկատմամբ վստահություն, քանի որ ՌԴ-ում գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը վարչապետին հորդորեց թվերի լեզվով խոսել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վստահության մթնոլորտը ձևավորվում է այդպիսի քննարկումների ընթացքում և ինքը համոզված է, որ վստահության մթնոլորտը կա և կխորանա։
«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին և բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում և քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո Կառավարությունում ընդունել է նաև գործարար Սամվել Կարապետյանին, և վերջինս ասել է, որ մտադիր է լիարժեք շարունակել տնտեսական գործունեությունը ՀՀ-ում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ նոր իրավիճակում տնտեսական գործունեությունը պետք է լիարժեք համապատասխանի հանրահռչակ կանոններին , որոնց մասին խոսում ենք՝ օրինականությունը և ուրիշների հետ հավասար դաշտում վիճակում լինելը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնչել է առաջարկ Ալիևի հետ հանդիպման կազմակերպման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ չի հնչել, քննարկել են Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի վերաբերյալ հարցեր և փոխադարձաբար ընդգծել, որ շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, և ռազմական ցանկացած սադրանք կարժանանա շատ կտրուկ վերաբերմունքի։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այն, որ ՌԴ տարածքում պաշպանության նախկին նախարար, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է, չի՞ նշանակում, որ ՌԴ-ն միջամտում է մեր ներքին գործերին, ինքնիշխանության դեմ քայլ է կատարում, վարչապետն ասաց․
«Դա իրավական ընթացակարգի հարց է, և ես կարծում եմ, որ այդ հարցը իրար հետ պետք է քննարկեն իրավապահ մարմինները և գան իրավական լուծումների. ես չեմ կարծում, որ այդտեղ քաղաքական հարց կա»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, թե «Մարտի 1-ի» գործը Փաշինյանի վրեժխնդրությունն է, քաղաքական հետապնդում, վարչապետը նշեց. «Այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, ապա Քոչարյանը հենց այսօր արդեն ազատության մեջ չէր լինի: Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, ուրեմն կա քաղաքական կոմպոնենտ: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, եթե մեր կառավարման օրոք քաղբանտարկյալներ լինեն»։










