Հանրային հնչեղության մեծ հարցերը կորոշվեն տեղական հանրաքվեներով. «Իմ քայլը» դաշինքը ներկայացրեց ծրագրային դրույթները
Տասնյակ տարիներ անց մենք հնարավորություն ունենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ, որն ի շնոհիվ հեղափոխության էր, որը կատարեց հայ ժողովուրդը. այսօր հրավիրած ասուլիսին, մինչ կներկայացվեր «Իմ քայլը» դաշինքի հիմնական ծրագրային դրույթները, հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Այնուհետև նա անդրադարձավ ծրագրային դրույթներին, որոնք կազմված են շուրջ 50 կետից:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենց առանցքային կետը կլինի ուղիղ ժողովրդավարությունը, այսինքն՝ հանրային հնչեղության մեծ հարցերը պետք է որոշել տեղական հանրաքվեներով:
«Հաջորդ ցավոտ կետը տրանսպորտն է, որը ոչ միայն ա կետից բ կետ տեղափոխվելու հարցն է, այլ նաև պատվի հարց է, ՀՀ առաջընթացի հարցն է»,-ասաց նա և նշեց, որ կհիմնեն նոր տրանսպորտային ցանց՝ սկսած երթուղիներից, կանգառներից, տոմսային համակարգից:
«Լինելու է միասնական տոմսային համակարգ, երբ տոմսը գնվում է մեկ անգամ, որը ոչ թե մեկ անգամ օգտագործման համար է, այլ ժամվա: Այն մարդիկ, ովքեր մի քանի տրանսպորտ են օգտագործում, էժան տարբերակ է լինելու, տարբեր խմբերի մարդկանց համար լինելու է զեղչային համակարգ: Նաև երկարեցվելու է տրանսպորտի աշխատանքային ժամը»,-ասաց Մարությանը և նշեց, որ նախատեսում են մետրոյի մեկ կայարան կառուցել:
Հաջորդ կետը, որն աղբահանության մասին էր, ներկայացրեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը, և նշեց, որ անհրաժեշտ է սկսել մրցակցային պայմաններ ստեղծելուց և իրականացնել խիստ վերահսկողություն:
ՔՊ անդամ, ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը ներկայացրեց համատիրությունների խնդիրը և նշեց, որ առաջարկում են սահմանափակել մեկ համատիրության մեջ ընդգրկվող բազմաբնակարան շենքերի քանակը: Խոսելով քաղաքաշինութան ոլորտի և Երևանի դեմքի մասին՝ Ղազարյանը նշեց, որ որևէ քաղաքակիրթ երկրում չենք տեսնի ինքակամ կառույցներ և ապօրինի շինություններ, որոնք օրենսդրորեն են օրինականացվել: «Պետք է ուժը կորցրած ճանաչել այդ օրինականացման որոշումը, որը կայացվել է 1998թ-ից հետո»,-ասաց նա:
Առողջապահության ոլորոտի տեսլականը ներկայացրեց գլխավոր մանկաբույժ, ավագանու թեկնածու Սերգեյ Սարգսյանը: Ըստ նրա՝ կխրախուսեն ֆիզիկական ակտիվությունը, համապատասխան տարածքներ կտրամադրվեն, թեև այս ուղղությամբ, ըստ նրա, որոշ աշխատանք տարվել է, կհարստացնեն բակային կուլտուրան, ավելի ուշադրություն կդարձնեն դպրոցական սննդին, կավելացնեն կանաչ տարածքները:
Կարևոր է շատրվանների խնդիրը, որոնց թիվը, ըստ նրա, պետք է ավելացել, նաև պետք է հսկել թափառող շներին:
Առողջապահության բուն խնդրից խոսելով՝ նա ասաց, որ պետք է ուշադրություն դարձնել պոլիկլինիկաներին, թեև գործառութները նախարարության ձեռքում է, բայց պետք է համագործակցեն:
Գայանե Աբրահամյանը խոսեց կրթական և մշակութային խնդիրներից: «Մեզ համար ուղենշային է կրթության իրավունքի իրացումը»,-ասաց նա և նշեց, որ նախադպրոցական կրթությունից շատ երեխաներ զրկված են, քանի որ տարիների ընթացքում վերացվել են շուրջ 80 մանկապարտեզներ:
Մասսայական զվարճալի միջոցառումներին ուղղված գումարներն ուղղվելու են ավելի կրթական և բովանդակային միջոցառումներին: «Ամանորի և Երևանի տոնի միջոցառումների համար միայն բյուջեից գումարներ կհատկացվեն»,-ասաց նա և նշեց, որ սոցիալական արվեստանոցների քաղաքական ներգրավվածության հարցը կլուծեն և արվեստագետներին կտրվի տարածք, էժան գներով, ովքեր իրենց գործերը կիրակացնեն:










