Օրենքի խախտում չէ. Հայկ Մարությանը՝ քարոզարշավի մեկնարկից առաջ քաղաքում հայտնված ցուցապաստառների մասին

14:57 • 09.09.18

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հրավիրված ասուլիսին պնդեց, որ իրենք որևէ օրենք չեն խախտել՝ քարոզարշավի մեկնարկից առաջ կախելով իրենց ցուցապաստառները:

«Ոչ մի օրենքի խախտում չկա բացարձակ, կոնկրետ մեր դեպքում դա տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները կպցնեինք և այն ընկերությունը, որը պարտավորվել է դա անել, մեկ, թե երկու օր առաջ է սկսել կախել պաստառները: Իրականում խնդիրը հենց լոգիստիկան է»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ևս նույն կերպ էր մեկնաբանում, ավագնու թեկնածու Գայանե Աբրահամյանը արձագանքեց, որ ՀՀԿ-ից որևէ մեկնաբանություն չկար: «Իրենք երկար ժամանակ ունեին նախապատրաստվելու, խնդիրն այն է, որ շատ արագ լոգիստիկան կազմակերպելու ներուժը չունենք: Օրենքի խախտում չէ, այստեղ օրենքի բաց է, որը վերաբերում է նաև ընտրկաշառքներ բաժանելուն»,-ասաց նա:  

Ասուլիսին ներկա ավագանու թեկնածու Վահան Կոստանյանը հավելեց, թե կան այլ քաղաքական ուժեր, որոնց քարոզչական պաստառները ևս փակցված են: «Եթե նայեք, կտեսնենք, բայց, իհարկե, դա օրենքի բացի խնդիրն է»,-ասաց նա: