Համակարգը պետք է հարմարվի երեխային, սակայն դասվարներին վիճակահանությամբ ընտրելու դեպքում խնդիրներ կառաջանան․կրթության փորձագետ

11:21 • 09.09.18

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կիսում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ առաջին դասարանցիների համար դասվարների ընտրության մտահոգությունը։ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճախ ծնողը երեխային տանում է դպրոց հենց դասվարի համար։

Կրթության փորձագետի կարծիքով՝ միգուցե հիմա առաջ գա այն խնդիրը, որ ծնողը երեխային տանի դպրոց, սակայն եթե իր նախընտրած դասվարի մոտ չըկնի, փոխի դպրոցը։

«Այստեղ պետք է մտածել հետևյալի մասին, որ դա մի քիչ կարող է աշխատատար լինել, բայց, օրինակ՝ ես կողմնակից եմ մի մոտեցման, որը կիրառվում է, օրինակ՝ Շիրակացի ճեմարանում։ Այստեղ նույնպես վիճակահանություն է տեղի ունենում, բայց կա նաև այսպիսի բան, որ հոգեբանը հանդիպում է բոլոր երեխաների հետ, ինքն անգիր գիտի դասվարներին և փորձում է հասկանալ, թե որ երեխան որ դասվարի մոտ իրեն լավ կզգա։ Ասենք, կան երեխաներ, որոնք ավելի լավ կսովորեն, եթե դասվարը շատ խիստ է ու պահանջկոտ, կան երեխաներ, որ հակառակը, եթե դասվարն ավելի ընկերական է, ազատ»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Վերջինս գտնում է, որ կրթության նպատակն այն է, որ համակարգը հարմարվի երեխային, սակայն միաժամանակ նկատեց, որ վիճակահանության դեպքում որոշակի խնդիրներ կառաջանան։

«Խնդիրներ, անկասկած, կառաջանան, սակայն չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է նախարարությունը վերահսկելու դրանք։ Օրինակ՝ վիճակահանությամբ ընկնում է մի դասվարի մոտ, մի քանի ամիս հետո գնում և տնօրենին ասում է՝ փոխեք այս մի դասարան։ Դա էլ տնօրենը կարող է ասել՝ կոնֆլիկտ էր, երեխան չէր հարմարվում, և դրա համար ենք տեղափոխել։ Տեսեք՝ ամեն ինչը չպետք է վերահսկես, որովհետև եթե շատ-շատ վերահսկում ես, միշտ ինչ-որ բաներ գտնվում են խաբելու, կեղծելու։ Ես ավելի կողմնակից եմ ուրիշ մոտեցման, որ դրվեն հստակ պահանջներ, խնդիրներ և տեսնենք, թե որ տնօրենն է կատարում լավ, եթե չի կատարում, նոր իրեն փոխեն։ Բայց քանի որ մենք տնօրեններին չենք վստահում, ուրեմն՝ պետք է ամեն ինչ իրենց ձեռքից վերցնենք, այդ մոտեցումը, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ բացի առկա մի շարք խնդիրներից՝ սկսած հագուստից, բջջային հեռախոս դպրոց տանելուց, կա նաև ծրագրի բովանդակության հետ կապված խնդիր, արդյո՞ք կրթության փորձագետը տեսնում է դպրոցական ծրագրի հետ կապված բովանդակային խնդիրների քննարկման միջավայր, Խաչատրյան ասաց, որ այս պահին գնում են քննարկումներ։

«Հեղափոխություն եղավ, հետո ամառ էր, նախարարությունն էլ հայտարարում է, որ այս տարի անհնար էր հասցնել ինչ-որ փոփոխություններ, և իսկապես, եթե հիշում եք, մայիս-հունիս ամիսներին նոր ձևավորվեց նախարարության կազմը, այդ ժամանակ անհնար էր փոխել, հիմա սեպտեմբերը եկավ, բոլորը վերադարձան աշխատանքի, հուսանք՝ արդեն կլինեն այդ խնդիրների բուռն քննարկումներ»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում նույնպես առաջին դասարան ընդունվողների դասվարները կընտրվեն վիճակահանությամբ, և ծնողներն այլևս մրցակցության մեջ չեն մտնի՝ իրենց երեխաներին նախընտրելի դասվարի դասարանում տեղավորելու համար։

 

 

ՀեղինակԱնի Օհանյան