Կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ․ Մ․ Առաքելյան
Կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ ամեն բան կարվի, որ նախագիծն ուժի մեջ մտնի եկող տարվա հունվարի 1-ից։
«Հաշվարկները դրված են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներում, հետևաբար օրենքի սահմանված գործընթացով օրենքի փոփոխությունն այն ժամանակահատվածում տեղի կունենա, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից այս փոփոխությունը՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին, ուժի մեջ մտնի։ Կառավարությունն այնպես է անում, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չլինի»,- ասաց Առաքելյանը։
Նա հիշեցրեց, որ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողները մոտ 80 հազար մարդիկ են, որոնց մեջ մտնում են աշխատանքային, զինվորական ու հաշմանդամության թոշակ ստացողները։ Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ, ցավոք, այս օրենքը տարածվում է ոչ բոլոր կենսաթոշակառուների վրա։
«Տարածվելու է կենսաթոշակ ստացողների ոչ մեծ հատվածի վրա, սակայն կառավարությունն անում է առավելագույնը, որ, ընդհանուր առմամբ կենսաթոշակները բարձրանան։ Այո՛, կենսաթոշակների խնդիրն օրակարգային է, քանի որ մոտ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց կենսաթոշակը չենք կարող համարել արժանապատիվ։ Առաջիկայում այլ փոփոխությունների մակարդակ կունենանք, որն ավելի մեծ թվով մարդկանց վրա կտարածվի»,- ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը։
Վարչապետի խորհրդականը վստահեցրեց, որ Կառավարությունը յուրաքանչյուր բյուջետային եկամուտների և ծախսերի քննարկման ժամանակ նման փոփոխություններ կբերի։ Հարցին՝ ինչպե՞ս է հաշվարկվել, որ նվազագույն պարենային զամբյուղը 25․500 դրամ է՝ հաշվի առնելով այն, որ 2016-ի դրությամբ 23․000 դրամ էր, տնտեսագետը պատասխանեց․ «Այո, ԱՎԾ կողմից հրապարակված տվյալներով՝ 2016 թ․-ին 23․300 դրամ էր ծայրահեղ աղքատության գիծը։ Հաշվի առնելով, որ նոր տվյալներ չկան՝ նախարարությունը վերցրել է 2016 թ․-ի տվյալները և դրան գումարել 3 տարի՝ կիրառելով նաև գնաճը, որի արդյունքում էլ 23․300-ից ստացվել է 25․500 դրամ»։
Հիշեցնենք, որ այս նախագծի մասին խոսել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, երբ ամփոփում էր աշխատանքային 100 օրը։
«Բնական է, որ սա նաև ռեսուրսի խնդիր է, բայց մի օր պետք է հասկանանք, որ մեր երկիրը պարտավոր է նվազագույն կենսամակարդակ ապահովել: Նախընտրելի է զգալի բարձրացնել նման ցածր կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակը, քան ասենք, հազար դրամով բարձրացնել բոլորի կենսաթոշակը»,- ասել էր Մանե Թանդիլյանը:










