2019-ին ՀՀ-ն պետք է ունենա այցեր դեպի տարբեր բևեռներ, այդ թվում՝ Իրան և ԱՄՆ. Ռուբեն Շուգարյան

20:06 • 05.01.19

1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ ինքը կցանկանար 2019-ը թվականին տեսնել, որ հետհեղափոխական գործընթացները վերածվում են պետականաշինության, երկրի ներսում նոր քաղաքական համակարգի ստեղծման: Նա Tert.am-ի հետ հետ զրույցում նման դիտարկում արեց՝ վերլուծելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը և ներկայացնելով իր սպասելիքները 2019-ից:

«Մեզ խիստ անհրաժեշտ են այդ փոփոխությունները, որովհետև հետհեղափոխական շրջանը միշտ լինում է շատ ծանր», - ասաց նա:

Ռուբեն Շուգարյանը, խոսելով ՀՀ-ի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության մասին, նշեց, որ իր կարծիքով, պետք է Հայաստանը խորացնի իր հարաբերությունները այլ բևեռների հետ էլ, որոնք շատ մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:

«Ծանոթ չեմ, թե ինչ ծրագրեր կան վարչապետի  կամ արտգործնախարարի այցերի հետ կապված, բայց կարծում եմ, որ 2019 թվականին պետք է լինեն նաև այցեր և շատ լուրջ այցեր՝ Իրան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ես խոսում եմ ոչ միայն աշխատանքային, այլ պաշտոնական այցերի մասին, որոնք շատ կարևոր են», - ասաց նա:

Այս համատեքտում նա նկատեց, որ շատ մեծ գործ ունեն անելու: «Նաև հիմք կա դա անելու համար», - ասաց նա՝ մատնանշելով, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելն էլ մեզ հիմք է տալիս դա անելու: «Նաև Մերկելի այցն էլ կարող է հիմք դառնալ», - ասաց նա:

Ռուբեն Շուգարյանը կարևորեց երկրորդ այցերի կազմակերպումը: «Ենթադրենք՝մենք խոսում ենք Բրյուսելյան այցի մասին: Կային տարբեր մեկնաբանություններ: Անմիջապես հեղափոխությունից հետո այդ այցը կատարվեց: Հիմա արդեն անհրաժեշտ է երկրորդ այցը կազմակերպել», - ասաց նա:

Նույն համատեքստում նա մեկ զուգահեռ էլ բերեց. «Շատ ոգևորված ենք բոլորս ընտրությունների կազմակերպման, դրանց թափանցկության առիթով: Չնայած հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները քիչ կարևոր չեն, բայց հաղթած ուժի համար առավել կարևոր են երկրորդ ընտրությունները: Հույս ունեմ, որ Հայաստանը բնականոն հունով գնացող գործընթացների մեջ է», - ասաց նա:

Հեղափոխությունից հետո, ըստ Ռուբեն Շուգարյանի, ՀՀ իշխանությունները կենտրանացած էին ներքին խնդիրների վրա, անգամ արտաքին գործերի նախարարությունը համակարգային փոփոխությունների մեջ էր:

«Բայց դրա հետ մեկտեղ պետք է լինեն նաև շատ լուրջ, բովանդակային ոչ թե փոփոխություններ, այլ՝ քայլեր: Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած խոշոր բովանդակային զարգացումների, կարևոր փաստաթղթի մասին խոսենք, ապա պետք է հիշատակենք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի հիմնական ելույթը, որում առավել շատ կարևոր էր Ղարաբաղի մասը», - ասաց նա:

Ռուբեն Շուգարյանի նկատառմամբ՝ պետք չէ կարծել, որ հիմա պետք է անենք երկու տարի առաջվանից ամբողջովին տարբերվող մի բան: «Ի՞նչ էր կատարվում այս տարիներին. բացի մի քանի դրվագային շեղումներից. ամեն ինչը արտաքին քաղաքականության մեջ եղել է շարունակական: Եվ որպես լավագույն  օրինակներից մեկը կարող ենք վերցնել և համեմատել մեր երկրի ղեկավարների ՄԱԿ-ում ելույթների Ղարաբաղի մասը: 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի, ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, ՄԱԿ-ում ունեցած ելույթներում կար շատ կարևոր շեշտադրում, որտեղ առանց նորմի Remedial secession-ի (անջատում հանուն փրկության կամ ճանաչում հանուն փրկության) անունը տալու, խոսվում էր դրա մասին՝ կապելով դա նաև ապրիլյան պատերազմի հետ: Նիկոլ Փաշինյանը ավելի առաջ և խորը գնաց: Բայց այդ շարունակականությունը ակնկալում եմ նաև 2019-ի համար. մանևրելու տեղ միշտ կա, բայց նպատակը և տրամաբանությունը պետք է լինեն նույնը», - ասաց նա: