Ֆրանսիայում կանցկացվի «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի համազգային 8-րդ ցույցը

14:51 • 05.01.19

Ֆրանսիայում «Դեղին անթև բաճկոնները» մտադիր են այսօր՝ հունվարի 5-ին, անցկացնել թվով 8-րդ բողոքի համազգային ցույցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ գործակալության՝ այս մասին է վկայում ցուցարարների արմատական կազմակերպություններից մեկի՝ «Ֆրանսիան ցասման մեջ» (La France en colre)  կազմակերպության՝ հունվարի 4-ին տարածած հայտարարությունը: Այն ղեկավարում են բողոքի շարժման երկու նախաձեռնողներ`Էրիկ Դուրեն և Պրիսցիլլա Լյուդոսկին:

Փարիզում կայանալիք բողոքի օրվան նվիրված ֆեյսբուքյան էջում ավելի քան 3 հազար մարդ հայտարարել է ցույցին մասնակցելու մտադրության մասին: Ընթացիկ բողոքի ցույցերի պատմության մեջ առաջին անգամ «Ֆրանսիան ցասման մեջ» կազմակերպությունը Փարիզի պրեֆեկտուրային ցույցի անցկացման դիմում է ներկայացրել:

Ինչպես նշում է աղբյուրը, դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Էրիկ Դրուեն արդեն երկու անգամ բերման է ենթարկվել ոստիկանության կողմից և այս տարի ստիպված կլինի երկու անգամ կանգնել դատարանի առաջ՝ չարտոնված երթերի և հանրահավաքների կազմակերպման, ինչպես նաև ապօրինի զենք կրելու մեղադրաքով:

Փարիզում ցուցարարների հիմնական խումբը մտադիր է հավաքվել Սենա գետի աջ ափին: Այն կշարժվի դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք և այնտեղ հանրահավաք կանցկացնի:

Սոցիալական ցանցերում «դեղին անթև բաճկոնների» ոչ պաշտոնական ղեկավարները կոչ են անում ցույցն անցկացնել Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների հիմնական հրապարակներում: Այս բոլոր քաղաքներում ոստիկանությունը ստիպված կլինի առավելագույն ջանքեր գործադրել հնարավոր վանդալիզմի դեմ:

Թուլուզի քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենկը BFMTV-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չափազանց մտահոգված է, թե ինչ կարող է տեղի ունենալ իր քաղաքում: Երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները կոչ է արել իրավապահ մարմիններին անկարգությունները  ճնշելու նպատակով ուժեղ միջոցների դիմել:  

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:

Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: