Արարատի մարզում տղամարդը մեքենայից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. մեկ անձ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք

11:54 • 06.01.19

Հունվարի 5-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի հոգի ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ. տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանն է եղել կրաիկոցներ արձակած անձը: Նա իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։