Կրակ, ծուխ, ձեռնամարտ. Ֆրանսիայում շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ցույցերը (լուսանկարներ, տեսանյութ)

16:59 • 06.01.19

Ֆրանսիայում շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» շարժման բողոքի զանգվածային ակցիաները: Սա բողոքի ցույցի արդեն 8-րդ ալիքն է, որը սկսվել է երեկ՝ հունվարի 5-ին:

Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում: Նրանց բողոքն ուղղված է  երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ:

Երեկ Փարիզի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն նախորդ շաբաթների այս անգամ ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառի:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից: