Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել պաղեստինցի գրոհայինների դիրքերին
Իսրայելական զինուժին պատկանող կործանիչներն ու ուղղաթիռները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների դիրքերի ուղղությամբ, հաղորդվում է իսրայելական բանակի պաշտոնական թվիթերյան էջում:
Նշվում է, որ վերոնշյալ գործողություններն իսրայելական կողմն իրականացրել է ի պատասխան պաղեստինցի գրոհայինների հարձակման. հայտնի է, որ ավելի վաղ Իսրայելի ուղղությամբ հրթիռ էր արձակվել:
Տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իսրայելական կողմը պատասխան հարվածներն իրականացրել է Գազայի հյուսիսային հատվածում՝ թիրախավորելով պաղեստինցի զինյալների ենթակայության տակ գտնվող միանգամից մի քանի դիրք:
Իսրայելական կողմն ընդգծել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցած բոլոր ահաբեկչական գործողությունների համար Իսրայելը պատասխանատու է համարում «ՀԱՄԱՍ»-ին:










