Քաղաքացիներից ստացել ենք զորակոչին առնչվող 35 դիմում, 29–ը արդեն քննարկել ենք, 20-ի դեպքում միջնորդագիր ենք ուղարկել. Գեղամ Հարությունյան

20:41 • 08.01.19

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներից ստացել են զորակոչին առնչվող 35  դիմում,  29 –ը արդեն քննարկել են, որից 20-ի դեպքում միջնորդագիր են ուղարկել կենտրոնական բժշկական հանձնաժողով: Նա նշեց, որ դիմումները վերաբերել են միայն առողջական խնդիրներին:

«Եղել են մտահոգիչ երևույթներ, նորից անդրադառնալու հարցեր, որոնք դրել ենք մեր միջնորդության հիմքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը:  Ըստ կառավարության որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։ 

Գեղամ Հարությունյանը նշեց, որ դիմումատուները ոչ թե խուսափում են ծառայությունից, այլ պարզապես ցանկանում են, որ որոշումները լինեն ավելի հիմնավորված, քանի որ կարծում են, որ բացեր կան: «Ուշադրության արժանի են բժշկական հետազոտությունների խնդիրները, երբ զորակոչիկները ուզում են հետազոտվել լրացուցիչ մասնավոր կարգով  և որոշ դեպքերում դա իրենց չի հաջողվում, քանի որ որոշ բժշկական կենտրոններ հրաժարվում են, ինչը ճիշտ չէ»,-ասաց նա և նշեց, որ այն կենտրոնները, որոնք հրաժարվում են լրացուցիչ հետազոտությունից,  վստահ չեն իրենց հետազոտական արդյունքների վրա, կամ ուզում են հեռու մնալ ինչ-ինչ հարցերից:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի հետ կապված մտահոգություններին` հատկապես պաշտոնյաների զավակների առումով, Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենց կառույցը անուղղակի նպաստում է զորակոչի ընթացքում կոռուպցիոն ռիկսերի նվազմանը: «Երբ քաղաքացին չի գտնում ճանապարհներ, որ իր արդարացի բարձրացրած բողոքը ներկայացնի, կարող է դիմել այլ միջոցների, բայց երբ բողոքարկման գործընթացը լիարժեք է, ապա նրանք չեն մտածում այլ ճանապարհների դիմելու մասին: Ընդհանուր առմամբ, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր փորձեր կանեն, որ այլ միջոցներով հարցերը կարգավորվեն, և տեսնում ենք, որ դրանք դեպքից դեպք բացահայտվում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե միշտ մտահոգություն է եղել, որ մենք թվաքանակի խնդիր ունենք և բժշկական հանձնաժողովը դա լրացնելու համար հաճախ հիվանդ երիտասարդների է զորակոչում բանակ,  և այն, որ 29 դիմումներից 20-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացնելու, խոսում է այդ մասին, Գեղամ Հարությունյանը չհամաձայնեց և նշեց, որ գուցե արդեն տասնյակից ավելի զորակոչիկներ առանց բողաքարկման ճանաչվել են ոչ պիտանի, կամ տարկետում են ստացել:

«Վերջին զորակոչերին մեր համագործակցությունը կենտրոնական բժշկական հանձնաժողովի և քաղաքացիների հետ շատ ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում և ավելի արդյունավետ է դարձել»,-ասաց նա և նշեց, որ իրենց միջնորդությունները վերաբերում են լրացուցիչ հետազոտություններ կատարելուն:  Գեղամ Հարությունյանը վստահեցրեց` իրենց միջնորդությունները անպայման քննարկվելու են կենտրոնական բժշկական հանձնաժողովում, իսկ մինչ այդ, այդ զորակոչիկները չեն մեկնի ծառայության: