Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին. նիստը հետաձգվեց
Նիստը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը երկուսը: Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին, քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ»,-ասաց նա և նշեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Հայկ Ալումյանն ասաց, որ եթե դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց ինքնաբացարկ հայտարարել, ապա վաղվա դատական նիստն էլ տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի, իսկ եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, վաղը իրենց գրավի հարցի քննությունը կշարունակվի:
«Միջնորդության հիմքն այն էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել`պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով երկար ժամանակ մտերիմ են եղել, և որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ, ինքն ինքնաբացարկ էր հայտնել»,-ասաց նա և թեև չցանկացավ ասել՝ ում մասին է խոսքը, բայց նշեց, որ «Մարտի 1»-ի հետ է կապված:
Ըստ նրա՝ այդ հարցերն իրար հետ կապված չեն: «Մենք համարում ենք, որ սա բավարար փաստարկ չէ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, գրավի հարցն այն հարցը չէ, որ շատ երկար քննվի»,-ասաց նա:










