Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Միջնորդության մեջ գրավի չափ նշված չէ, եթե դատարանը որոշի գրավով ազատ արձակելու միջնորդությունը բավարել, ապա իր հայեցողությամբ պետք է սահմանի նաև գրավի չափը:
Նախքան նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա նիստին.«Սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ»:
Նրա խոսքով՝ եթե դատարանը Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում կայացնի, դա կլինի որոշակի ժամանակ հետո՝ սահմանված գրավը վճարելուց հետո:
Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ 2018 թ.-ի դեկտեմբերի 28 –ին հետաձգել էր:
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով, նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:
Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան:
3 ամսվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունում է, թե ոչ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ:










