Ֆրանսիան և Գերմանիան համագործակցության նոր պայմանագիր կկնքեն հունվարի 22-ին
Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության նոր պայմանագիրը կկնքվի 2019 թվականի հունվարի 22-ին Գերմանական Աախեն քաղաքում: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը 2019 թվականի հունվարի 22-ին ֆրանս-գերմանական համագործակցության ու միասնության վերաբերյալ նոր համաձայնագիր կկնքեն», - ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայմանագրի կնքման արարողությունը տեղի կունենա Աախենի քաղաքապետարանում:
Հայտնի է, որ նոր պայմանագիրը կհիմնվի 1963 թվականին կնքված Ելիսեյան պայմանագրի դրույթների վրա: Նոր պայմանագրի նպատակն է միավորել երկու երկրներն ու «նախապատրաստել XIX դարի մարտահրավերներին»: Այն կվերաբերի ոչ միայն քաղաքական ու տնտեսական կապերին, այլև համագործակցությանը անվտանգության, կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:










