Իսրայելցի նախկին նախարարը խոստովանել է, որ լրտեսել է հօգուտ Իրանի

18:00 • 09.01.19

Իսրայելի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 1990-ական թվականներին էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գոնեն Սեգևը 11 տարվա ազատազրկման կդատապարտվի` Իրանի օգտին լրտեսելու համար:

Ինչպես նշում է BBC-ն, Սեգևը խոստովանել է, որ իրանական կողմն իրեն հավաքագրել է Նիգերիայում բժիշկ աշխատելու ժամանակ:

Սեգևը ձերբակալվել էր մայիսին՝ Հասարակածային Գվինեայում, հետո արտահանձնվել էր Իսրայելին:

Վաթսուներեքամյա տղամարդը մեղադրվում է հրեա պաշտոնյաների ու երկրի անվտանգության օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններն Իրանին փոխանցելու համար: Նա երկու անգամ Իրան է գնացել ու հանդիպել  «գործատուներին»:

Հատկանշական է Սեգևի բացատրությունը, համաձայն որի՝ ինքը ցանկանում էր հիմարեցնել իրանցիներին ու որպես հերոս հայրենիք վերադառնալ: