Ռուսաստանում էլ գազը թանկանում է, բայց Հայաստան մտնում է ինքնարժեքով. թանկացման մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Ս. Տարասով

20:59 • 09.01.19

Հայաստանի համար ռուսական գազի գնի թանկացումը քաղաքական ենթատեքստեր չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Ռուսաստանում էլ ամեն ինչ թանկանում է: Բնակարանների վարձակալությունը, մետրոն, տրոմվայը թանկանում են, ամեն ինչ թանկանում է: Ռոսաստանում նույնպես գազը թանկանում է, բայց Հայաստան ռուսական գազը մտնում է ինքնարժեքով: Այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Քաղաքական ենթատեքստ կա օրինակ` Ուկրաինայի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի, Հայաստանը մեր գործընկերն է»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

Դիտարկմանը, թե Հայաստանն ուսումնասիրում է իրանական գազ գնելու հնարավորությունները, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Լսե՛ք, պետք է հասկանալ` դուք Ռոբինզոն Կրուզոյի նման չեք ապրում անմարդաբնակ կղզում: Ռուսաստանը Իրանի գործընկերն է, այս երկու երկրները համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարող եք շրջանցել Ռուսաստանն ու Իրանից գազ գնել, այդպես չի լինի, գնահատեք, հոգ տարեք, սիրեք այն, ինչ ունեք: Իրանում այսօր վաղը խնդիրներ կսկսվեն, իսկ դուք կփչացնեք ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Ըստ նրա՝ պետք չէ Իրանը հակադրել Ռուսաստանի հետ, դրանից «Հայաստանը միայն կպարտվի»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի սակագինը սահմանին բարձրանալու է՝ 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, բայց սպառողների համար գազը չի թանկանա:

Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: