Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ցուցարարները զանգով Էջմիածնի քաղաքապետից թույլտվություն ստացան քաղաքում ավտոերթ անցկացնելու համար (տեսանյութ, լրացված)

10:45 • 12.01.19

12:26

Բողոքի ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը Էջմիածնի հրապարակում լրագրողներին ասաց, թե իրենք իրենց՝ ճանապարհ փակելու որոշումից չեն հրաժարվել, պարզապես որոշակի տեղափոխություններ են արել։ Նա, խոսելով երեկվա դատական նիստիը հետաձգելու մասին, նշեց, թե զուտ ժամանակ շահելու խնդիր է։

«Հասկանում եք՝ Մամվել Գրիգորյանը նախկին ռեժիմից մնացած մարդ է, այդ մարդուն ազատության  մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է, այսինքն՝ նախկին ռեժիմը կարող է սա միտումնավոր անել, որ մեր վարչապետի ռեյտինգն իջնի։ Կասեն՝ տեսեք, որ ասում էր՝ բոլորին տալու եմ պոլին, ոչ մի բան չի անում։

Պարոն Փաշինյանը փորձում է օրենքով բոլորին դատել՝ չխառնվելով արդարադատությանը։ Ինքն իր պայքարի ուղուց հետ չի կանգնում, մենք էլ մեր պայքարի ուղուց հետ չենք կանգնում, մենք փորձում ենք արդարադատությանը հիշեցնել, որ ինքը պետք է աշխատի օրենքով, այլ ոչ թե նախկին ռեժիմի մեխանիզմներով,֊ շարունակեց Ջիվան Աբրահամյանը։

Ավտոերթը շարունակվում է։

11:59

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների ավտոերթը հասավ Էջմիածին քաղաքի հրապարակ։ 

11:35

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ բողոքի ակցիա իրականացնողները որոշեցին ավտերթ իրականացնել Էջմիածին քաղաքում։ Սակայն Ոստիկանությունը որոշ մեքենաների թույլ չեն տալիս դուրս գալ։

«Պետության ներկայացուցիչները փաստորեն սահմանափակում են իմ գույքի տեղաշարժը։ Պահանջ չեն ներկայացնում, ասում են՝ երեկ դուք չէիք թողնում։ Տեսեք, որ երթևեկությունը բաց է», ֊ ասաց ցուցարարը։ Ըստ ոստիկանների՝ իրենք տեղեկություն ունեն, որ ավտերթի ընթացքում ճանապարհ է փակվելու։



Ոստիկանները հայտարարեցին, որ ավտոերթի մասին քաղաքապետարանը կամ մարզպետարանն իրազեկված չեն։ Ի պատասխան նրանց՝ ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը զանգահարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և տեղյակ պահեց, որ Էջմիածնում ավտոերթ են ցանկանում իրականացնել։

11:11


Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե մտադիր են ճանապարհը փակել։ Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից իրենց գործողություններին խոչընդոտելուն, նրանք ասացին, թե ոստիկանությունն իր ծառայությունն է իրականացնում, իսկ իրենք՝ իրենց գործը։

«Նախկինում արված մեր բոլոր հայտարարություններն ուժի մեջ են, պայքարը շարունակելու ենք բոլոր միջոցներով»,-լրագրողներին ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։

10:45

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։

Այսօր էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

Նրանք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: