Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները բացեցին օդանավակայան տանող ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ակցիաները կշարունակվեն (լրացվող, տեսանյութ)

13:06 • 12.01.19

16:23

Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել այսօրվա ցույցն ու հանդիպել երկուշաբթի և բողոքի ակցիա կազմակերպել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: Նրանք բացեցին օդանավակայան տանող ճանապարհը:

16:11 


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բողոքը պետք է լինի թիրախային: Նա նշեց, որ եթե մարդիկ դեմ են Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, ապա բողոքը պետք է անցկացնեն դատարանի շենքի դիմաց:

Նա նշեց, որ երկուշաբթի դատարանը քննելու է հարցը, ուստի ակցիան պետք է շարունակել երկուշաբթի: «Դուք ձեր բողոքի ակցիան կազմակերպեք դատարանի դիմաց, որ թիրախային լինի ձեր բողոքը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենք բացելու են փողոցը, բայց երբ, իրենք կորոշեն:

Պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ դատական համակարգը պետք է առողջացվի, իրենք քննարկելու են հարցն ու գտնելու են լուծման ուղիներ:



15:47

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում օդանավակայան տանող ճանապարհին: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը:

«Տեղյակ է և հորդորում է, որ ճանապարհը բացեն»,- ասաց Աղասի Կիրակոսյանը՝ նշելով, որ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մարդիկ բացեն ճանապարհը: Նա նշեց, որ ցույցին մասնակցող պատգամավոր Հայկի հետ էլ քննարկել են հարցը, թե ինչպես համոզեն բացել ճանապարհը:

Ցուցարարների մոտ է եկել «Իմ քայլը» դաշինքի ևս մեկ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցանկանում են Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ հայտնել անվստահություն:

Ենգիբարյանն ասաց, որ իրենք ներկա չեն որպես գործող պատգամավորներ, քանի որ լիազորություններն ուժի մեջ չեն մտել: Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենսդիր իշխանությունը չի միջամտում դատական իշխանությանը:

«Մենք հանգամանորեն քննարկել ենք դատական իշխանության բարեփոխումների խնդիրները: Մենք մտածում ենք նույն կերպ»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:



15:31

Այգեշատ գյուղի ղեկավարը չի թողնում, որ մարդիկ միանան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող բողոքի ակցիային: Այս մասին ցույցի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

«Հենց նոր ինձ ասացին, որ Այգեշատի գյուղապետը չի թողնում, որ մարդիկ գան, մեզ միանան: Արդյո՞ք նոր Հայաստանում ինչ-որ մեկնը իրավունք ունի իր պաշտոնական դիրքով ժողովրդին ինչ-որ բան արգելել: Այգեշատի գյուղացինե՛ր ջան, ձեր ցավը տանեմ, դուրս եկեք, հենց գյուղում ակցիա արեք, դուք եք ձեր երկրի տերը»,- ասաց Ջ. Աբրահամյանը:

15:26

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը հորդորում է բացել ճանապարհները և երթով շարժվել դեպի Էջմիածին: Նա նշեց, որ պետք է քննարկել հարցն ու հասկանալ, թե ինչ լուծումներ կան: Սարգսյանն ասաց, որ «ինքը սադրանք է տեսնում»:

«Մենք ձեզնից մի բան ենք խնդրում՝ հանցագործին փակել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ու վանկարկեց. «Մանվել, տուշոնկա»:

Հայկ Սարգսյանն ասաց. «Ուզում եք մի քանի հոգով դատավճիռ կայացնել», այնինչ կա դատարան: Ձեր պայքարը Մանվել Գրիգորյանի դեմ է ուղղված, բայց իրեն չի վնասում, վնասում է մեր քաղաքացիներին»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ դատավորները որոշում չեն կայացնում, «մեկ կիլոգրամ լոբի գողանամ կբռնեն կփակեն»: Պատգամավորն ասաց, որ ակցիայի մասնակիցները «սխալ բան են անում»:


14:44


Մանվել Գրիգորյանի ազատության դեմ պայքարողները պահանջում էին Արմավիրից ընտրված պատգամավորներին։ Նրանց միացավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա հորդորեց բացել ճանապարհը։

«Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ճանապարհի փակման հետ կապված, մարդիկ խնդրում են մի բան անել, որ ճանապարհ բացվի։ Ես հասկանում եմ ձեր դժգոհությունը, ինչքան է տուժել Էջմիածինը Մանվել Գրիգորյանից, հիմա տուժում է ձեր գործողություններից, քանի որ չեն կարում տեղաշարժվել։ Պայքարի ուրիշ տարբերակներ կան, հրապարակներ կան»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նորընտիր պատգամավորը հորդորեց գնալ հրապարակ ու մանրակրկիտ քննարկել հարցը, խնդրի լուծման ճանապարհները, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել Երևան-Էջմիածին ճանապարհը։

Ցուցարարների հետ բանակցում է ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը։

14:24

Ջիվան Աբրահամյանը նաև հայտարարեց, որ մի խումբ ցուցարարներ փակել են նաև Արտաշատ-Երևան մայուղին։

14:15

Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Մի պահ ցուցարարներից մեկը հորդորեց հավաքվածներին ակցիան շարունակել Մանվել Գրիգորյանի տան դիմաց, սակայն ցուցարարները չհամաձայնեցին։

Ոստիկանությունը շարունակում է բանակցել բողոքի ակցիայի մասնակիցներ հետ՝ հորդորելով բացել ճանապարհը։  Ջիվան Աբրահամյանը կրկին հորդորեց Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներին միանալ իրենց։

«Դուք Աժ-ում կարող եք 2/3- ով հարց լուծել, մենք ժողովրդով հիմա այս հարցին չենք կարողանում լուծում տալ։ Խնդրում եմ միանալ մեզ, լսել ու բարձրաձայնել մեր բողոքը»,- ասաց Աբրահամյանը։




13:46

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Նրանց մոտեցավ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը և հորդորեց բացել ճանապարհը՝ նկատելով, որ այս կերպ խնդիր չի լուծվում։

«Ճանապարհը փակելով՝ հարց չի լուծվում։ Մենք այս 100 հոգով 10-20 հազար հոգու համար խնդիր ենք առաջացնում, մարդիկ կան՝ շտապում են, տեղ են գնում և այլն, բայց մենք խանգարում ենք նրանց։ Հասկանում եմ ձեր վրդովմունքը, սակայն հարցն այս կերպ չի լուծվում, դատարանն է լուծելու խնդիրը»,- ասաց գնդապետը։

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն էլ արձագանքեց․ «Պարո´ն գնդապետ, Մանվել Գրիգորյանը գտնվում է վտանգի մեջ, տարեք նրան ոստիկանական բաժանմունք ու ապահովեք նրա անվտանգությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռևս սպասում են Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներն։

Ոստիկանությանը չի հաջողվում բացել ճանապարհը։
 
13:30

Մանել Գրիգորյանի ազատության դեմ պայքարողների ցույցը շարունակվում է, նրանք նստացույց են անում Երևան-Էջմիածին ճանապարհին։

Ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց մոտ է հրավիրում Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին։

«Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում եմ այստեղ։ Եկեք, քանի որ այստեղ ձեր ընտրողներ են, եկեք տեր կանգնենք ձեր ընտրողներին։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, Դուք էլ եկեք, այստեղ Ձեր քաղաքի բնակիչներ են։ Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ստացել են մեր քվեն»,- հայտարարեց Ջիվան Աբրահամյանը։

13:16

Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ցուցարարները վանկարկում են՝ «ոստիկանը մերն է», այնուհետև բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները հորդորում են ոստիկաններին չհարվածել իրենց։

Ոստիկանություն-ցուցարարներ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքները վերև բարձրացրին՝ ի նշան համերաշխության։ Դեռևս Երևան-Էջմիածին ճանապարհին լարված իրավիճակ է։

13:09

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ պայքարող ցուցարաների ու ոստիկանների միջև բախում սկսվեց։ Ցուցարաները փակել են Երևան-Էմիածին ճանապարհը, իսկ ոստիկանները ցանկանում են նրանց տեղափոխել ճանապարհի այդ հատվածից:



13:06

Էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից: Նրանք պահանջում են փոխել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:

Նշենք, որ դեռ երեկ նրանք հայտարարել էին, որ ճանապարհը փակելու են, այսօր էլ նշեցին, թե իրենք իրենց որևէ ծրագրից չեն հրաժարվում, պարզապես գործողությունների հերթականության տեղափոխություններ են եղել։

Ցուցարարները որոշեցին բողոքի ավտոերթ անցկացնել Էջմիածին քաղաքում: Գեներալ Մանվել Գրիգորյանի ազատության դեմ պայքարող քաղաքացիներն  Էջմիածին քաղաքում ավտոերթ իրականացնելուց հետո երթով շարժվեցին դեպի Երևան-Էջմիածին ճանապարհ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում եմ փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ոստիկաններին դեռևս հաջողվում է կանխել։ Նրանք նաև փողոցում նստացույց իրականացրին, սակայն ոստիկանները կրկին կանխեցին։

Ցուցարարներն ու ոստիկանները միմյանց հետ արդեն բարձ տոնի մեջ են խոսում, ոստիկանությունը նրանց հորդորում է ակցիա իրականացնել Էջմիածին քաղաքում՝ չխոչընդոտելով մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։

Ոստիկանները հայտարարեցին, որ ավտոերթի մասին քաղաքապետարանը կամ մարզպետարանն իրազեկված չեն։ Ի պատասխան նրանց՝ ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը զանգահարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և տեղյակ պահեց, որ Էջմիածնում ավտոերթ են ցանկանում իրականացնել։ Բողոքի ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը Էջմիածնի հրապարակում լրագրողներին ասաց, թե իրենք իրենց՝ ճանապարհ փակելու որոշումից չեն հրաժարվել, պարզապես որոշակի տեղափոխություններ են արել։ Նա, խոսելով երեկվա դատական նիստը հետաձգելու մասին, նշեց, թե զուտ ժամանակ շահելու խնդիր է։