Դիմելու ենք դատարան՝ պաշտոնյայից պահանջելով արժանապատվության պաշտպանություն. Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ ՊՎԾ խոսնակ Զ. Մեժլումյանի մասին
Առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեժլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին՝ առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույր Ելենա Աղաջանովան:
«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ,
Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեժլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները՝ հայտնում եմ.
1. Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ, նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաև, չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության, խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։
2. Առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեժլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին՝ առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությո՞ւնը։ Միայն որովհետև իրենք ամուսիններով այդպե՞ս են կարծում»,-գրել է Ելենա Աղաջանովան։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը նշել է, որ ինքը չի հավատում Աղաջանովներին: «Քրեական գործող մեղադրվող Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը դատապարտվել են միևնույն հոդվածով: Նույն արարքի համար դատապարտվել են որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը, 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, ի վերջո մեղքը բարդում է Մհեր Ենոքյանի վրա: Դրա համար մեկին տալիս են 15 տարի, մյուսին ցմահ են դատապարտում:
Աղաջանովի ընտանիքն Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք այն դեպքում, երբ Արամ Հարությունյանն ասում է՝ այնքան կատաղած էր, որ չի հիշում՝ քանի անգամ է խփել,- ասաց նա՝ հավելելով, որ եթե դատավճռից հանես Արամ Հարությունյանի ցուցմունքը, գործը կփլուզվի,-կոկորդին ծանր հարված հասցնողը եղել է Արամ Հարությունյանը»:










