«Փոքրիկ երգիչների» տարածքի հարցը լուծվել էր դեռ մինչև փլուզումը. Երևանի քաղաքապետի տեղակալ (տեսանյութ)

12:08 • 12.01.19

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: