Ավստրիայում երեք գերմանացի լեռնադահուկորդ է մահացել՝ հայտնվելով ձնահոսքի տակ
Ավստրիայում երեք գերմանացի լեռնադահուկորդ է մահացել՝ ձնահոսքի տակ մնալու հետևանքով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, չորրորդ տղամարդուն, որը դահուկորդների խմբի կազմում է եղել, դեռևս չեն հայտնաբերել:
Ինչպես նշվում է, 4 լեռնադահուկորդ շաբաթ լեռնալանջերին են գտնվել: Նրանք փորձել են անցնել ավելի վաղ ձնահոսքի վտանգի պատճառով փակված ճանապարհը: Երեկոյան լեռը բարձրացած տղամարդկանցից մեկի կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ կապը խմբի հետ կտրվել է:
Ոստիկանությանը հաջողվել է բջջային հեռախոսների միջոցով պարզել նրանց գտնվելու վայրը: Փրկարարները հայտնաբերել են Գերմանիայի՝ 32, 36 և 57 տարեկան երեք քաղաքացու մարմինները: Որոնվում է Բավարիայի 28-ամյա բնակիչը: Նրա որոնումները կիրակի գիշեր դադարեցվել են ձյան ուժեղ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով:










