Գդանսկի քաղաքապետին դանակահարել են բարեգործական համերգի ժամանակ. վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
Լեհաստանի Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը դանակի մի քանի հարվածներ ստանալուց հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: այդ մասին հաղորդել է TVN24 հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել բարեգործական համերգի ժամանակ: 27-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, բարձրացել է բեմ, որտեղ գտնվել է Ադամովիչը և բղավել, որ Լեհաստանի նախորդ կառավարության օրոք ինքն անօրինական է ազատազրկվել: Սկսվել է քաշքշուք, որի ժամանակ նա դանակահարել է Ադամովիչին:
Ոստիկանության հայտնած տվյալներով` քաղաքապետը ստացել է դանակի մի քանի հարված` փորին և կրծքավանդակի շրջանում: Բժիշկները Գդանսկի բնակիչներին կոչ են արել արյուն հանձնել` նշելով, որ Ադամովիչի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի ուշ, վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել է վերականգնել քաղաքապետի սրտի աշխատանքը:
TVN24-ի հաղորդմամբ` քննիչները ձերբակալությունից անմիջապես հետո հարցաքննել են կասկածյալին, որը նշել է, որ այդ քայլը կատարել է վրեժխնդրությունից դրդված: Նա պատմել է, որ նախկին իշխանության օրոք ինքը խոշտանգումների է ենթարկվել բանտում: Այդ ժամանակ իշխանության է եղել ներկայում ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, որի անդամ է եղել նաև Պավել Ադամովիչը:
27-ամյա կասկածյալն ազատազրկվել էր Գդանսկում 4 բանկ կողոպտելու համար: Դատարանը նրան 5,5 տարվա ազատազրկման էր դատապարտել:










