Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է, օդից մեղադրանքներ հնչեցնել չի կարելի, ամոթ է. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

12:01 • 28.01.19

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է. այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, 2008-ին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին:

«Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, այսինքն ո՞նց եք պատկերացնում, որ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, իշխանության եղած մարդը ինչի՞ է սահմանդրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»,– ասաց նա՝  ավելացնելով, որ «Չերյոմուխա 7» բանակը չունի, դա ներքին զորքերին է:

Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև ՀՔԾ պետի հայտնի հայտարարությանը, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի:

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի նման բան ասել, վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցում են այդպիսի ծանր վիճակի մեջ: Նրանք, ովքեր արտահայտում են նման բաներ, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,-ընդգծեց նա:

Վիտալի Բալասանյանը նշեց, որ եթե մեղքն ապացուցող վճիռ չկա, մարդկանց չեն կարող ասել, որ հատուկ կրակել են արտակարգ դրություն մտցնելու համար: 

Անդրադառնալով հարցին՝ այսինքն իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ժամանակը կգա, կտեսնենք, այժմ չի կարող ասել, դատարանը պետք է որոշի:

«Սպասենք, դատարանը կորոշի, չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել, թե սրան սպանել են, որ արտակագ դրություն մտցնեն, այսինչը քանդել են՝ այսինչի համար»,-նշեց նա: