Չեռնոգորիայում ցուցարարները պահանջում են նախագահի, վարչապետի և կառավարության այլ անդամների հրաժարականը
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Միլո Ջուկանովիչի, վարչապետ Դուշկո Մարկովիչի և կառավարության այլ անդամների հրաժարականը, որը, ցուցարարների պահանջով, պետք է տեղի ունենա մինչև մարտի 15-ը:
Մայրաքաղաքում խաղաղ ցույցերն անց են կացվել չորրորդ անգամ: Կազմակերպիչները «Ընդդիմացիր 97 հազարին» քաղաքցիական շարժուման անդամներն են, որոնք ցույցի մասնակիցներին հավաքել են սոցկայքերի միջոցով:
Ցույցերի մասնակիցները պահանջել են նաև, որ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեն խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունները: Պահանջներն ի կատար ածելու ժամկետը մարտի 15-ն է, հակառակ դեպքում ցուցարարները խոստանում են հաջորդ օրը «հավաքվել և չցրվել»:
Ցույցից հետո հազարավոր հավաքվածներ Պոդգորիցայի կենտրոնով խաղաղ երթ են անցկացրել:
Չեռնոգորցի ձեռնարկատեր Դուշկո Կնեժևիչը, որին պատկանում է երկրի ամենախոշոր՝ Atlas Group ֆինանսական ընկերությունը, ավելի վաղ մեղադրվել էր կոռուպցիայի համար: Մեղադրանքների ֆոնին նա հայտնել էր, որ 30 տարի մոտ է եղել իշխանություններին և «բազմամիլիոնանոց գումարներով» ֆինանսավորել է իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությանը:
Կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Ջուկանովիչը բազմիցս հերքել է նախկին դաշնակցի նման հայտարարությունները և ասել, որ նման մեղադրանքները ցուցարարների կողմից կարող են օգտագործվել հեղաշրջման փորձի համար:










