Պայմանագիրը քաղաքապետարանի համար վատ է գրված, որպես կողմ թույլ ենք. Հ. Մարությանը` Կիրովի անվան այգու տարածքի վարձակալության մասին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը այսօր ավագանու արտահերթ նիստին քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց քաղաքապետարանի հարևանությամբ գործող Կիրովի անվան մանկական այգու վրա: «Այս այգում արդեն իսկ կան հինգ-վեց շինություններ, որոնցից մեկում ներքին աշխատանքներ են տարվում, կամ մեկ փորված մեծ հիմք՝ Շիրակ հյուրանոցի կողմից, և երկու կիսավարտ շինություն, որոնց դեպքում քաղաքացիները դատի են տվել և շինարարական աշխատանքները կիսատ են»,-ասաց նա:
Նա նկատեց, որ սա մանկական այգի է, իսկ այնտեղ արդեն իսկ կարուսելներ չկան, մնացել են դրանց կմախքները
Արձագանքելով ասվածին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ հարցն արդեն երեք ամիս է իրենց ուշադրության կենտրոնում է, այդ շինությունը մինչև իրենց քաղաքային իշխանություն դառնալն է եղել: «2002 թվականին դա 50 տարի ժամկետով տրվել է վարձակալության, պայմանագիրը, ցավոք սրտի, քաղաքապետարանի համար վատ է գրված, որպես կողմ թույլ ենք, բայց, ամեն դեպքում, նշված կետերը թերի են կատարվում, բոլոր խաղային մասերը պետք է արդիականացնեին, որը չի արվել»,-ասաց նա և նշեց, որ բոլոր լծակներն օգտագործելու են, որ այգին կարգի բերեն:
Քաղաքապետն ասաց, որ այս առումով աշխատանքներ են տարվում, բոլոր այգիները գույքագրվում են:










