Արագածոտնի մարզի «Ապարան» ԲԿ է տեղափոխվել 2 երիտասարդ. նրանք դանակահարված են եղել. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 21-ին, ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ, և 25-ամյա Արթուր Գևորգյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց, ինչ հանգամանքներում են դանակահարվել, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։










