Վանաձորում բախվել են 2 ուղևորատար և բեռնատար մեքենաները. կան տուժածներ և մեկ զոհ
Մարտի 22-ին` ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են «Lexus» (վարորդ՝ Մ.Ա., ծնված 1982թ.), «Dodge Neon» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1984թ.) մակնիշերի ավտոմեքենաները և «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1983թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Dodge Neon» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Մ-ն, քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մ.Ա.-ն, և ուղևորը՝ Զ.Շ.-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Զ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ.Ա.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» և «Dodge Neon» մակնիշերի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:











