Քաղաքապետարանի ավտոպարկը բավական օպտիմալ է բաշխված, մեքենաների կրճատման հեռանկարը շատ թույլ է. Հայկ Սարգսյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը այսօր ավագանու հերթական նիստին ներկայացրեց «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» հավելվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը: «2019 թվականին լրամշակված բյուջեն շուրջ 8 միլիարդ դրամով ավելացման արդյունքում կկազմի 91,1 միլիարդ դրամ, 2019 թվականին հաստատված 83,1 միլիարդ դրամի դիմաց»,-հայտնեց նա և նշեց, թե ինչ բաշխումներ են լինելու:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ 50 միլիոն դրամով ավելացել է «Երևանտրանս» ՓԲԸ–ին տրվող գումարը: «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեքենաների այն ծավալը, որ կա քաղաքապետարանում, ոչ միայն չի նախատեսվում կրճատել, այլ փոքր-ինչ ավելացվում է` հաշվի առնելով, որ դրանց պահպանման ծախսերն են ավելացել և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դուք չեք պատրաստվում վերանայել ծառայողական ավտոմեքենաների քանակը քաղաքապետարանում»,-հարցրեց նա:
Հայկ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանի ավտոմեքենաների պարկը բավական օպտիմալ է բաշխված: «Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով այս պարկի օգտագործումը և նպատակայնությունը՝ կարող ենք վստահեցնել, որ քաղաքապետարանում ավտոմեքենաների կրճատման հեռանկարը շատ թույլ է»,-ասաց նա:
Արձագանքելով՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ կարծում է, թե նախկին քաղաքային իշխանությունները շոյված կլինեն փոխքաղաքապետի գնահատականից, որ շատ օպտիմալ է եղել մեքենաների բաշխումը: «Ես պարզապես հիշեցի, որ 2017 թվականին, երբ «Ելք» դաշինքով մասնակցում էինք ընտրություններին, ներկայիս վարչապետը խոսում էր դրանց օպտիմալացման անհրաժեշտության մասին, սպասում էր որ տրանսպորտի վարչության պետն ինքը պետք է ծառայողական մեքենաներով երթևեկի»,-ասաց նա:
Հայկ Սարգսյանը նշեց, որ սրանով որևէ մեկին շոյվելու առիթ չեն տալիս, քանի որ կա հստակ հիմնավորում: «Ես չասացի, որ նախկին իշխանությունների օրոք օպտիմալ է եղել, ես ասացի, որ օպտիմալ է այժմ, որովհետև վերջին ամիսներին 3-4 անգամ ավելացել են քաղաքացիների կողմից քաղաքապետարան ներկայացված այն դիմումները և բողոքները, որոնք տարիներ շարունակ չեն ներկայացվել»,- ասաց նա:
Նշենք, որ որոշ փոփոխություններով նախատեսվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 38,257.200 դրամ, Երևան քաղաքի ճոպանուղու, մետրոպոլիտենի նոր կայարանի և վարչական շրջաններում նոր կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Առաջարկվում է 90,000.000 դրամ հատկացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով:
Նախագծով առաջարկվում է «Հրազդանի կիրճի բարեկարգում» ծրագրին ավելացնել 2,000.000 դրամ, Հրազդանի կիրճում 120 գծամետր մետաղական արգելապատնեշի վերանորոգման և նորի կառուցման համար: Առաջարկվում է «Թեքահարթակների կառուցում» ծրագրից նվազեցնել 20,000.000 դրամ: 2018 թվականին հաստատված 30,000,000 դրամի դիմաց՝ 2019 թվականին աշխատանքները կիրականացվեն 80,000.000 դրամի չափով:
Նախագծով առաջարկվում է «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում» ծրագրին ավելացնել 50,000.000 դրամ, շենքերի և փողոցների անվանումների թվով 10,000 հատ միասնական ցուցանակների պատրաստման և տեղադրման համար:
Առաջարկվում է «Վերելակների հիմնանորոգում» ծրագրին ավելացնել 90,000.000 դրամ, քանի որ թվով 3 անգամ ավելացել են սպասարկվող վերելակները և սահմանվել են անվտանգության նոր չափանիշներ։ Նախագծով առաջարկվում է նաև 83,000.000 դրամով ավելացնել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդիան, ինչը պակաս է 2018 թվականի փաստացի տրված սուբսիդիայից 17,000.000 դրամով:
Նախագծով առաջարկվում է 50,000.000 դրամով ավելացնել «Տոնական ձևավորում» ծրագիրը՝ Ամանորին Երևան քաղաքի գլխավոր փողոցները նորաոճ լուսային ձևավորմամբ ապահովելու նպատակով, ինչը պակաս է 2018 թվականի փաստացի կատարված ծախսից 12,475.000 դրամով:
Նաև նախագծով առաջարկվում է «Հասցեավորման աշխատանքներ» ծրագիրը նվազեցնել 115,000.000 դրամով, կապված «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի լուծարման հետ։










